Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Արմագեդոն չեղավ

Արմագեդոն չեղավ
02.04.2019 | 02:18

2016-ի ապրիլի այս օրերին մենք դեռ չգիտեինք անուններ, մենք դեռ չգիտեինք` ի՞նչ է կատարվել ու ի՞նչ է կատարվում և ինչո՞վ է ավարտվելու այն, ինչ մեզ համար դեռ անուն չուներ` հարձակու՞մ, պատերա՞զմ, ագրեսիա՞: Վերջապես` հաղթանա՞կ, թե՞ պարտություն: Ոչ ոք չգիտեր: Անունները հետո կլինեն, Եռաբլուրում շարք կկանգնեն ու կհանգչեն հայրենի հողում մասնատված ու հոշոտված` այդպիսին է ժամանակակից Ադրբեջանի պատերազմելու պատկերացումը: Խոնարհում նրանց հիշատակի ու կամքի առաջ: Նրանք դեմ գնացին տրամաբանությանն ու իրավիճակ փոխեցին: Նրանք ուղղեցին բոլորի սխալները` կյանքի գնով: Զինադադարի համաձայնագրից հետո Բաքուն առաջին անգամ դիմել էր զենքի` համարելով, որ փոխվել է ռազմական ստատուս քվոն, կարող է փոխել և իրավականը: 2016-ի այս օրերին 1999-ի հոկտեմբերի 27-ից հետո Հայաստանի Հանրապետությունը հանձնեց իր հասունության երկրորդ քննությունը: Երկու դեպքում էլ անդառնալի կորուստներով պահպանելով ինքնության իրավունքը` շնորհիվ ժողովրդի: Քչերը արձանագրեցին, որ 2016-ի ապրիլյան քառօրյան եղավ, որովհետև եղել էր 1999-ի հոկտեմբերի 27-ը և Հայաստանը հետ էր շպրտվել 1999-ի մայիսի 31-ի ԱԺ ընտրություններով իշխանության եկած «Միասնություն» դաշինքի բացած նոր ճանապարհից, որ իրավիճակ էր փոխելու տարածաշրջանում: 2016-ի ապրիլին մենք պահեցինք Արցախը և հայկական երկու պետությունների գոյության իրավունքը հիմնավորեցինք աշխարհի առաջ, որ լուռ սպասում էր` ո՞վ կհաղթի: Հաղթողներ չեղան, լինեին` պատերազմը կավարտվեր: Լեռնային Ղարաբաղը կորցրեց 800 հեկտար տարածք ու պահպանեց անկախ պետություն լինելու իրավունքը: Ալիևի բլիցկրիգի փորձը վկայեց կոնֆլիկտի կողմերի դիվանագիտության պարտությունը` Ալիևը զենքի դիմեց, որովհետև բանակցություններով հարցը լուծելու հույս չուներ, քառօրյան հնարավոր դարձավ, որովհետև հայկական կողմը չկարողացավ կանխել: Դա նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի պարտությունն էր. երբ բանակցողներից մեկը շփման գծի երկայնքով անցնում է հարձակման մյուսի վրա, միջնորդական ջանքերը ջուրն է գցում: 2016-ի ապրիլը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջ խնդիր դրեց` բանակցության սկզբունքները չեն գործում` կառուցողական երկիմաստությունը, որով կողմերն իրենց տարբեր մեկնաբանությամբ բանակցային գործընթացում պիտի հասնեին փոխզիջումային տարբերակի, չի աշխատում: Կառուցողական երկիմաստությունը 12 տարի բախվում է Բաքվում 3 սկզբունքներից միայն մեկի ընկալմանը, և դա դեռ անփոփոխ փաստ է: Թե ԵԱՀԿ Մինսկի խումբը, թե Ադրբեջանի նախագահը, թե Հայաստանի վարչապետը իրենց առաջին պաշտոնական հանդիպման համար լավագույն ժամանակը չէին ընտրել` 2016-ի ապրիլյան քառօրյայի տարելիցից 3 օր առաջ: Եթե ցանկանում էին միմյանց ցույց տալ, որ 2016-ը «մոռացել են» և անցել բանակցային նոր գործընթացի, անմտություն է: Դա հնարավոր չէ ու պետք չէ մոռանալ:


«Ընդհանուր առմամբ կարևոր եմ համարում այսօրվա հանդիպումը։ Չեմ կարող ասել, որ բանակցային գործընթացում տեղի է ունեցել ճեղքում, բայց շատ կարևոր է, որ սկսվել է մի պրոցես, որը մեզ հնարավորություն է տալիս խոսելու մեր օրակարգերի, մեր պատկերացումների, մեր խնդիրների մասին և խոսել այն գործընթացի մասին, ինչի մասին ես առիթ ունեցա խոսել Ստեփանակերտում և իմ ունեցած ասուլիսի ընթացքում»` Ավստրիայի հայ համայնքի հետ հանդիպմանը Ադրբեջանի նախագահի հետ իր հանդիպումը գնահատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ուզում է հասկանալ՝ հնարավո՞ր է պահպանել սահմանի կայունությունը, թույլ չտալ զոհեր, սահմանամերձ գյուղերի բնակիչները կարո՞ղ են ապրել բնականոն կյանքով, հնարավո՞ր է խոսել ու պայմանավորվել այդ ամենի մասին՝ ստեղծելով բանակցության նպաստավոր մթնոլորտ: Ոչ նա, ոչ Մինսկի խմբի համանախագահները չեն խոսել Արցախը բանակցային սեղան վերադարձնելու մասին: Բայց կողմերը պայմանավորվել են կատարել «մարդասիրական միջոցառումներ»: Հետաքրքիր է` ի՞նչ բովանդակություն է ունենալու Բաքվի «մարդասիրությունը»: Ավելի հետաքրքիր է, որ փաստացի` ԼՂ հարցում Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ուժայինների հետ տանդեմով, ոչ թե ԱԳ նախարարի: Օրնակ` ՀՀ ԱԱԾ տնօրենն է Արցախում բնակարանաշինության ծրագրից խոսում: Օրինակ` Վիեննայում հանդիպումից հետո ոչ ոք չի հիշում` ինչ է ասել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, հիշում են Նյու-Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը ինչ է ասել Դավիթ Տոնոյանը. «Ես՝ որպես պաշտպանության նախարար, ասում եմ, որ այդ ձևաչափը՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց», չի լինելու, ես այն վերաձևակերպել եմ՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»:

Միակողմանի զիջումներ չեն լինելու, հնարավոր են փոխզիջումներ:
Դավիթ Տոնոյանը երկրորդ անգամ է խոսում ռազմավարության փոփոխության մասին` պաշտպանականից հարձակողականի: Այսինքն` իրադարձային հայտարարություններ չեն, այլ վկայություն դիրքավորման տրամաբանության, փիլիսոփայության փոփոխության։ Սա միակ տրամաբանական ճանապարհն է հավասարակշռությունը վերականգնելու, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վիեննայի հանդիպումից հետո ՏԱՍՍ գործակալությանն ասել է. «Ադրբեջանի համար առաջնահերթը մեր երկրի միջազգայնորեն ճանաչված տարածքների դեօկուպացիան է` միջազգային իրավունքի, Հելսինկյան եզրափակիչ ակտի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի շրջանակներում, որոնք պահանջում են անհապաղ կերպով և առանց նախապայմանների դուրս բերել հայկական ուժերը գրավյալ տարածքներից»:


Համադրելով Իլհամ Ալիևի «սուբստանտիվ» երազանքն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մեկնաբանությունները, օրինակ` «Սա երկար, հագեցած ու հետաքրքիր խոսակցություն է, որը թույլ է տալիս հստակեցնել երկու երկրների առաջնորդներից յուրաքանչյուրի դիրքորոշումները։ Այս տեսանկյունից մենք գոհ ենք և հույս ունենք, որ այս խոսակցությունը կշարունակվի մոտ ժամանակներում»,- (ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտի), մնում է մտածել` ինչի՞ց են գոհ: Որ Արմագեդոն չեղա՞վ:
Գուցե գոհ են, որ բանակցությունները վերջապես վերադարձան ԵԱՀԿ ՄԽ ձևաչա՞փ` ոչ պաշտոնական 3 հանդիպումներից հետո: Կամ` նոր Վիեննան «կառուցողական» էր, որովհետև չմերժեցին միմյանց նորից հանդիպե՞լ: Կամ էլ Արցախի` բանակցային սեղան վերադառնալը մնում է Նիկոլ Փաշինյանի «կրեատի՞վը»:


Փաստացի` օրակարգով, թե անօրակարգ, 3 սկզբունքների ու 6 տարրերի, թե ով գիտի ինչի մասին բանակցություններում ու բանակցություններից դուրս` Իլհամ Ալիևը հաստատուն է իր կարծրատիպերում: ՈՒ նրան պատասխանում է ոչ թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիեննայում կամ Երևանից, այլ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` ԱՄՆ-ից: Մնում է հուսալ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կկարողանա ապահովել այն տնտեսության գոյությունը, որ անհրաժեշտ է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պատկերացրած խնդիրների լուծմանը: Այլապես ճիշտը մնում է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի լռությունը: 2016-ի Վիեննան կախվեց օդում, 2019-ի Վիեննան կողմերին հնարավորություն տվեց դեմքը պահել ու… բանակցել: Չի բացառվում, որ Վիեննա-2019-ից հետո կողմերը սկսեն հայտարարել, որ գնդակը մյուսի դաշտում է, իրականում գնդակը վաղուց աուտ է, և չկա մեկը, որ դաշտ վերադարձնի: Նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Դա ձեռնտու վիճակ է բոլորի համար, ցանկացած կտրուկ շարժում տարածաշրջանը ներքաշելու է նոր պատերազմի մեջ` արտաքին դաշտում, ներքին դաշտում` ավարտվելու է իշխանափոխությամբ: Փաստացի` կողմերը նոր իրավիճակում գծում են իրենց շահերի արեալը ու կարմիր գծերը, մնացածը ժամանակի մեջ կպարզվի:


Իսկ կպարզվի՞ ինչու՞ է իշխանությանն անվերջ ձգում օպերան: Քաղաքապետը մայրաքաղաքի կանաչապատումն է սկսում օպերայի տարածքից, գոյություն ունեցող, թե չունեցող մշակույթի նախարարության նախարարի ԺՊ-ն շենքն է գրավում: Նիկոլ Փաշինյանը մարտավարական փայլուն քայլ արեց` ապացուցելու, որ Հայաստանին պետք չէ մշակույթի նախարարություն, երբ «մշակույթի» պաշտոնյաները պահպանում են դարավորի ու անանցի ոչ թե անշեջ կրակը, այլ իրավական մոխիրը: ՊՈԱԿ-ների սկանդալը հաղթական առաջ է գնում Նազենի Ղարիբյանի թեթև ձեռքով` նա անդադրում խրվում է սկանդալից սկանդալ: Այդ նա է պարտավորվել, որ բոլոր պաշտոնյաները պիտի խոսեն պետական լեզվով` գրական հայերենով: Եվ Հայաստանը օրենքի երկիր դարձնելու հաճելի բեռը դրված է միայն նրա հաստատուն ուսերին ու նա տանում է խաչը` ավերածություններից չվախենալով, որովհետև գիտի ճշմարտությունը` Հայաստանում պետք է գործի օրենքը: Նազենի Ղարիբյանի պարտականությունը չէ, ոչ էլ, թերևս, մտավոր կարողությունների շրջանակում է ընկալել, որ օրենքը կառավարելու ձևերի շարադրանք է, որը, երբ սկսում է համարժեք չլինել իրականությանը, փոխվում է: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու` Նազենի Ղարիբյանի անհողդողդ որոշումը արվեստագետ-չինովնիկ բախում է, որից տուժում է երրորդ կողմը` հանդիսատեսը: Ո՞վ է հաշվի առնելու հանդիսատեսի շահը, ո՞վ է հաշվի առնելու, թե մշակութային աշխարհում Հայաստանի նոր իշխանություններին ի՞նչ հարված տվեց ոմն Ղարիբյան` մի հրամանով ապացուցելով, որ չարժի գալ, առավել ևս վերադառնալ Հայաստան, որտեղ չեն գործում պայմանագրեր, չի կարևորվում մշակույթը որպես երևույթ, արվեստագետը որպես անձ իր վաստակով ու հեղինակությամբ, և իշխանությունը թքած ունի, թե ինչ կկատարվի ազգային ակադեմիական թատրոնում` Հայաստանը Իտալիան չէ, մեր օպերան Լա Սկալան չէ: Պետք էլ չէ, որ դառնա, կան շարքային ՔՊ-ականներ, նրանք էլ կկառավարեն ամեն ինչ, նաև օպերան: Օպերան ոտքի է կանգնել իր գեղարվեստական ղեկավարին ու գլխավոր տնօրենին պաշտպանելու... կհաջողվի՞, թե՞ չէ, կմնա՞ Երևանում Կոնստանտին Օրբելյանը, թե՞ չէ, հարցի մի կողմն է: Եվ ոչ միայն օպերան` բոլոր թատրոնները: Վարչապետին նամակով թատերական գործիչները պահանջում են տիկին Ղարիբյանի հրաժարականը: Ակնհայտ է օրեցօր աճող հակասությունը կատարվողի ու ներկայացվողի միջև: Կառավարության ծրագրի 2018-ի կատարողականի 2 օր տևած քննարկումը ԱԺ-ում և վարչապետի անթիվ-անհամար հայտարարությունները հակասության մեջ են նրա կառավարության գործողությունների հետ: Կամ նա չունի իրական տեղեկատվություն, կամ համարժեք չի գնահատում տեղեկատվությունը: Կամ` ունակ չէ կառավարման ոլորտում որոշումներ ընդունել, և ամեն ինչ պտտվում է մարդկանց խնդիրները լուծելու փոխարեն` նրանց մեղադրանքներ ներկայացնելու մարտավարության մեջ: Նոր խոսք է, հարկավ, բայց գործում է իբրև բումերանգ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Շաբաթվա մոլորվածները ոչ օպերայում էին, ոչ փողոցներում: ԱԺ-ում էին: Նկատե՞լ եք` ամեն անգամ երբ վարչապետը Երևանում չէ, մի սկանդալ մայրաքաղաքում լինում է: Մարտի 29-ին, երբ Նիկոլ Փաշինյանը Վիեննայում «Բրիստոլ» հյուրանոցում համանախագահների ու Իլհամ Ալիևի հետ էր հանդիպում, ՔՊ-ի պատգամավորների սիրտն ուզեց գնալ Ստեփանակերտ ու Բակո Սահակյանին տեսնել: Պե՞տք է, չէ՞, իրենց ներդրումն ունենան հարցի լուծման մեջ: Ինչու՞ էր 35 ՔՊ-ականների սիրտը Ստեփանակերտ ուզել հենց ԱԺ արտահերթ նիստի օրը, մտքներով չէ՞ր անցել, որ բացի իշխանություն լինելը խիստ պրոզայիկ հարց են լուծում` քվորում են, ինչու՞ Արարատ Միրզոյանը այդքանը չգիտեր: Միամիտ լինենք ու հավատանք, որ դեռ չեն սովորել ԱԺ կանոնակարգ օրենքի ու իրենց պատգամավորական օրակարգի համապատասխանությունը գտնել: Որ մոռացել են` նիստի օրերին նիստերի դահլիճում ելույթներ են լսում, ելույթներ են ունենում, քննարկում են, քվեարկում են: Միամիտ լինենք ու չմտածենք, որ նիստը տապալել-չտապալելու հարցը ԱԺ-ում չէր լուծվում: Եվ ՔՊ-ականները պարզապես մոլորվածներ էին, որ սրտի կանչով գնում էին Ստեփականակերտ, բայց վերադարձան Երևան: Իսկ ընդհանրապես` իշխանության տարբեր թևերի միջև հարցերը լուծելիս կամ չլուծելիս պետք է օգտագործել ներքին ռեսուրսները ու Ստեփանակերտն ալիբի չդարձնել:

Դիտվել է՝ 2519

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ